KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գիտական հոդված` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին

Գիտական հոդված` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
463 0

Եթե ժամանակ առաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր թեկնածուական ատենախոսություն պաշտպանում ու գիտնական դառնում, այսօր արդեն նրա մասին են գրվում գիտական հոդվածներ: Համենայնդեպս, մեկ այդպիսի գործ գոյություն ունի, եւ անցյալ տարի այն լույս է տեսել «Երեւան 4» գիտական հոդվածների ժողովածուում:

Խորագիրն է` «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը` Երեւանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա», իսկ հեղինակել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:

Հոդվածը, որը տեղ է գտել գիտական հոդվածների ժողովածուում, ձոն է Տարոն Մարգարյանին: Այն հենց քաղաքապետի խոսքերը մեջբերելով էլ սկսվում է. «Վստա՛հ եմ, որ ամենօրյա հոգատարությամբ, սրտացավ աշխատանքով ու անմնացորդ նվիրումով մենք օր առաջ, բոլորս միասին կունենանք այն Երեւանը, որի մասին երազում ենք»:

Այնուհետեւ գիտությունների դոկտոր, պրոֆեսորը մասնավորապես գրում է. «2016-ին ողջ հայ ժողովուրդը նշում է անկախության քառորդդարյա հոբելյանը: Այդ 25-ամյա հոբելյանի մեջ առանձնանում է մի փոքրիկ հոբելյան եւս. այս աշնանը` նոյեմբերի 15-ին, լրանում է Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Անդրանիկի Մարգարյանի պաշտոնավարման 5-ամյա հոբելյանը: Ավագանին նրան ընտրեց միաձայն, իսկ երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին: Մեկուկես տարի անց` 2013-ի մայիսի 5-ին տեղի ունեցած Երեւան քաղաքի Ավագանու երկրորդ գումարման ընտրություններում երեւանցին վստահեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու նրա գլխավորած ՀՀԿ թիմին` տեսնելով նրա կատարած աշխատանքն ու հաշվի առնելով աշխատանքային հարուստ փորձը. ընտրեց ու չսխալվեց»:

Կարծում եք` Երեւանի երաժշտական կյանքի առաջընթացին վերաբերող գիտական հոդվածում Տարոն Մարգարյանին անդրադարձն այսքանով սահմանափակվո՞ւմ է: Եթե այո, սխալվում եք:

«Մենք այսօր ունենք գործող քաղաքապետ, ով տեղական ինքնակառավարման մարմիններում իր աշխատանքի տարիներին կուտակել է ուսանելի փորձ: Մեր աչքի առաջ է նրա կատարած աշխատանքը որպես Ավան վարչական շրջանի ղեկավար, որպես Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ վերջին հինգ տարիներին` Երեւանի քաղաքապետ: Նա լավ գիտե Երեւանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրի առջեւ ծառացած խնդիրները, բնակիչների հոգսերն ու նրանց հուզող հարցերը, գիտե նաեւ դրանց լուծման ուղիները ու, որ ամենակարեւորն է, պատրաստ է դրանք լուծելու: Նա պաշտոնն ընկալում է ոչ թե որպես վայելք, ինքնահաստատման միջոց, այլ սեփական ժողովրդին` տվյալ դեպքում` երեւանցուն ծառայելու հնարավորություն»,- նաեւ գրում է Աննա Ասատրյանը, իսկ ձեզ էլ երեւի թվում է, թե փառաբանումն այսքանով ավարտվեց: Բայց ոչ…

«Այստեղ նկատենք, որ կենսական տարբեր գործոններ ու հանգամանքներ (ընտանեկան ճիշտ ու հիմնարար դաստիարակություն, առողջ ու ուսանելի կենսափորձ, բնատուր բարություն ու լավատեսական խառնվածք եւ այլն) Տ. Մարգարյանի մեջ ձեւավորել են մարդկային բնավորության այնպիսի առաքինի գծեր, ինչպիսիք են հայրենասիրությունը, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումը, ազնվությունն ու հավատարմությունը, բացառիկ զգայուն, հոգատար ու սրտացավ վերաբերմունքը շրջապատի մարդկանց, համաքաղաքացիների, նրանց հուզող հարցերի ու հոգսերի նկատմամբ, բարությունն ու մարդասիրությունն առհասարակ: Եվ այս առումով միանգամայն օրինաչափ է, որ նա իր ուրույն ու պատվավոր տեղն է գրավել ինքնատիպ ու իր տեսակի մեջ եզակի կառույցի` Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի իսկական անդամների աստղահույլում»,- կարդում են գիտական հոդվածների ժողովածուում (սույն ակադեմիայի նախագահն, ի դեպ, հոդվածագրի հայրն է` Գրիգոր Ասատրյանը, ինքն էլ` նախագահության անդամ):

Իսկ քանի որ քաղաքապետին երկինք հանելու չափի զգացողությունը իսպառ բացակայում է, արվեստագիտության դոկտորը շարունակում է. «Փոքր-ինչ շեղվելով «երաժշտական» թեմայից եւ ընդլայնելով «երաժշտագիտական» թեման, կուզեի շեշտել Տ. Մարգարյանի վերաբերմունքը, մասնավորապես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հանդեպ: Նրա անձնական միջամտությամբ 2013 թ. ապրիլին ՀՀ ԳԱ ակադեմիայի բակում տեղադրվեցին «Երեւան» մակնիշի նստարաններ, իսկ վերջերս` 2016 թ. հուլիսի 22-25-ին ասֆալտապատվեց ԳԱԱ բակային տարածքը: Նրա նյութական աջակցությամբ հրատարակվեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, երջանկահիշատակ Իդա Բաբայանի «В мастерской Вардана Аджемяна» եւ առաջատար գիտաշխատող, ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանի «Նիկողայոս Բունիաթյան. Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ» աշխատությունները»:

Դե իսկ այսպիսի հոդվածից հետո ինչը կվայելե՞ր: Բնականաբար՝ պարգեւատրումը: Գիտական կոչվող այս աշխատանքի բովանդակությունը Տարոն Մարգարյանին, կարծես թե, չի մտահոգել: Աննա Ասատրյանին, որն, ի դեպ, նաեւ Երեւանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ է, նա պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: Համապատասխան որոշումն ընդունվել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Երեւանի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Հ.Գ. -1. Մեջբերումներն ընդամենը հոդվածի առաջին մի քանի էջերից են. տհաճության զգացումն ավելին կարդալ թույլ չտվեց:

Հ.Գ. -2. Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել Աննա Ասատրյանի հետ ոչ քաղաքային, ոչ էլ բջջային հեռախոսահամարներով:
Աննա Զախարյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir