KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայաստանը չօգտվեց ԱՄՆ-ի հետ հարաբերության յուրահատկությունից

Հայաստանը չօգտվեց ԱՄՆ-ի հետ հարաբերության յուրահատկությունից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
464 0

ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների գլխավոր խնդիրն աջ պահպանողական և նոր պահպանողական շրջանակների միջև գործընկերության հաստատման միջոցների մշակումն է: Բացի այդ, նրանց առաջ դրված է հայկական լոբբիիի եւ հայկական հասարակական կազմակերպությունների գործունեությունը միմյանցից որոշ չափով հեռացնելու խնդիրը: Չի կարելի ամեն ինչ կենտրոնացնել լոբբիի գործունեության վրա: ԱՄՆ քաղաքականապես էթնիկ համայնքներից ոչ մեկը վաղուց արդեն այդպես չի գործում:
ԱՄՆ հայկական հասարակական շրջանակներում քննարկվում է «նոր լոբբիի» ձեւավորման անհրաժեշտությունը, որը պակաս գաղափարականացված կլինի եւ կգործի ոչ միայն ԱՄՆ քաղաքական ասպարեզում, այլ նաեւ միջազգային հարթակում: Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արված են, օրինակ, ստեղծվել է «Հայաստանի ընկերների ասոցիացիա», որում ընդգրկված են ԱՄՆ ամենահարուստ հայ ընտանիքների երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, հայկական պրոֆեսիոնալ շրջանակները, ամերիկյան իսթեբլիշմենթի շրջանակների ազդեցիկ համակրողները:
Դեմոկրատական կուսակցությունը ներկայցնող նախագահ Վուդրո Վիլսոնը, համաշխարհային կայսրությունների հետ պայքարի քաղաքականություն վարելով, փորձել է ստեղծել անկախ ու միացյալ Հայաստան: Սակայն Հայաստանն ու ԱՄՆ հայկական համայնքը միշտ համակրել են ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը՝ չնայած Հայաստանին օգնություն տրամադրելուց հրաժարվելու մասին Կոնգրեսի 1920 թվականի հայտնի որոշումն ընդունողների շարքում նրանք գերակշռում էին: Դա հավանաբար կապված է մի շարք պատճառների ու շահերի հետ, որոնք ունի քաղաքական գործընթացին մասնակցության հավակնություն ունեցող յուրաքանչյուր ժողովուրդ:
Պետք է ասել, որ Հայաստանի իշխանության վրա ուժեղ ճնշում գործադրող Հանրապետական վարչակազմի ներկայիս քաղաքականությունն ինչպես երբեք նպաստավոր է Հայաստանի կարեւորագույն շահերի պաշտպանության համար:
ԱՄՆ վարչակազմը Կովկասյան-Կասպյան տարածաշրջանում նախկինում մեկ նպատակ էր հետապնդում՝ նավթի արդյունահանման ու տեղափոխման անվտանգության ապահովումը, իսկ այդ քաղաքականության առաջնահերթությունը տարածաշրջանային կայունությունն էր: Այս առաջնահերթությունները, սակայն, անցյալում են:
Հատկանշական է, որ հսկայական ռազմաքաղաքական հնարավորություններ ունենալով՝ ԱՄՆ-ն այդպես էլ չի կարողացել Կովկասյան-Կասպյան տարածաշրջանում աշխարհքաղաքական կառավարման օպերացիոն համակարգ ստեղծել, ինչն, անկասկած, բացատրվում է տարածաշրջանի առանձնահատկություններով: Դրանով հանդերձ, պարզվում է, որ տարածաշրջանի վրա լիակատար վերահսկողության համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է ոչ թե էական ռազմական ներկայություն, այլ ռուսական ռազմական ներկայության բացակայություն:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ աշխարհքաղաքական խնդիրները, որոնք կապված են Հարավային Կովկասից ռուսական ռազմաբազաների դուրսբերման հետ, ոչ թե կայունություն կբերեն, այլ սպառազինությունների տարածաշրջանային մրցավազք, որին կմասնակեն ոչ միայն Հարավային Կովկասի ճանաչված ու չճանաչված պետությունները, այլ նաեւ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը:
Ընդ որում, տարածաշրջանային առճակատման եւ սպառազինությունների մրցավազքի ուժեղացման «պատճառը» Հայաստանն է: Որո՞նք են Հայաստանի այսչափ «հակահամակարգային» ու շատ վտանգավոր պահվածքի գործոններն ու դրդապատճառները:
Խնդիրն այն է, որ Հայաստանն առճակատման մեջ է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի հետ, որը նրա դրությունը խոցելի է դարձնում ու պահանջում մասնակցություն հզոր ռազմաքաղաքական դաշինքում, որն իր անվտանգության երաշխավորն է:
ԱՄՆ-ն, ձգտելով կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, իհարկե, ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, ինչը կարծես թե պետք է նպաստի տարածաշրջանում լարվածության նվազմանը: Այդ նպատակին մասամբ հասել են, սակայն դրական բաները, ցավոք, հնարավոր են միայն կարճաժամկետ հեռանկարում:
Հետեւելով այդ սցենարին՝ Հյաստանը կդառնա Թուրքիայի հնազանդ վասալը՝ նրանից գտնվելով ուժեղ քաղաքական ու տնտեսական կախվածության մեջ (լավագույն դեպքում):
Այդ դեպքում ո՞րն է ԱՄՆ քաղաքականության իմաստը, որն ուղղված է նորանկախ պետությունների անկախության ամրապնդմանը:
Ի տարբերություն հարեւաններ Վրաստանի ու Ադրբեջանի, որոնք վերջին 200 տարիներին միջազգային քաղաքական շփման պակաս փորձ ունեն, Հայաստանն Արեւմտյան հանրության կողմից Հայկական հարցի դիտարկման բացասական փորձ ունի՝ սկսած 1878 թվականի Բեռլինի համաժողովից վերջացրած 1923 թվականի Լոզանի համաժողովով, ինչպես նաեւ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով, երբ Հայաստանը բաժանվեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ:
Այդ պատճառով Հայաստանը հոռետեսորեն է վերաբերվում ցանկացած միջազգային պայմանագրի ու պարտավորության, ինչպես եւ Թուրքիան, եւ առայժմ կարող է հույս դնել միայն զինված ուժերի առկայության վրա:
Հայտնվելով Արեւմուտքի շահերի գոտուց դուրս, Հայաստանը բաժանվեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ, բայց եթե Թուրքիայում նրա ազգային օջախը վերացավ, ռուսական աշխարհառազմավարական տարածքում նրան հաջողվեց իրականացնել գոյատեւման ու զարգացման ազգային նախագիծը 20-րդ դարի պայմաններում:
Հայաստանի անկախ գոյության ընթացքում նրա քաղաքականությունն ուղղված է եղել ԱՄՆ շահերի դեմ: Հայաստանը միշտ վարել է ՆԱՏՕ-ի շահերի դեմ քաղաքականություն: Սակայն այս ամենը ԱՄՆ-ի համար չի դարձել Հայաստանի դեմ աշխատելու գործոն:
ԱՄՆ-ն սպասել է «ռուսական կայսրության» կործանմանը նրա բոլոր փուլերում եւ Հայաստանի բարելավմանը: Սակայն Հայաստանը կախվել է կոռուպցիայից ու իշխանական քաղաքական մենաշնորհից: Այդ իմաստով ԱՄՆ-ի ու Հայաստանի հարաբերությունները յուրահատուկ են, եւ հայերը չեն կարողացել օգտվել դրանից:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir