KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ներդրողները Հայաստանում ամենամեծ ռիսկերի են ենթարկվում. ՀԲ զեկույց

Ներդրողները Հայաստանում ամենամեծ ռիսկերի են ենթարկվում. ՀԲ զեկույց

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
416 0

Հայաստանում 2014-2016 թվականներին օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքն ուղղվել է հիմնականում այլընտրանքային և վերականգնվող էներգետիկայի և կոմունիկացիաների ոլորտներ: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի համակարգված գնահատում» զեկույցում:
Այս ընթացքում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների 50 տոկոսը հենց այս ոլորտներ է ուղղվել: Ըստ զեկույցի՝ ներդրումների 23 տոկոսը կատարվել է ֆինանսական ծառայությունների, 11 տոկոսը՝ փոխադրումների, 7 տոկոսը՝ պարենամթերքի և ծխախոտի, 6 տոկոսը՝ ՏՏ ծառայությունների ոլորտներում:
Համաշխարհային բանկի մասնագետները բավարար չեն համարում Հայաստանի ջանքերը՝ ուղղված ներդրումներ ներգրավելու հարցում:
“Աշխարհում ապրում է 9-11 միլիոն հայկական ծագում ունեցող մարդ: Լիարժեք օգտագործված չէ սփյուռքի ներուժը՝ ի աջակցություն միջազգային առևտրի ծավալների, ներդրումային հոսքերի ավելացման, գիտելիքի փոխանցման և նորարարության: Ողջ աշխարհում որևէ երկրի սփյուռքի մեծությունը փոխկապակցված է առևտրի և ներդրումների հետ: Հայաստանում թույլ է կապը միգրանտների գտնվելու վայրի, առևտրի և օտարերկրյա ուղղակի ներդրումների միջև”, նշվում է զեկույցում:
ՀԲ մասնագետները խնդիրներ են բացահայտել նաև գործարար ու ներդրումային միջավայրի հետ կապված:
Ըստ զեկույցի՝ գործարար միջավայրը բարելավվել է, սակայն իրականացումը հետ է մնում:
Գործարարությամբ զբաղվելու դյուրինության համաթվով 2010 թվականի 61-րդ տեղից 2017 թվականին Հայաստանը բարձրացել է 74-րդ դիրքի: Գլոբալ մրցունակության համաթվով երկիրը բարելավել է դիրքերը՝ 2009-10 թվականների 97-րդ տեղից 2016-17 թվականներին հասնելով 79-րդին: Բայց երկրում իրական մրցակցային շուկան բացակայում է:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելիս, Եվրոպական և Կենտրոնական Ասիայի այլ երկրների համեմատ, ներդրողները ամենամեծ ռիսկերի են հանդիպում:
“Ենթադրյալ ռիսկերը կապված են անձնական շահերի և հովանավորչության և անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հետ”, շեշտում են զեկույցի հեղինակները:
Մրցակցային շուկայի բացակայությունն արտադրական միջոցներ ապահովող ոլորտներում՝ երկաթգիծ, կոմունալ ծառայություններ, ինտերնետային կապ, լրացուցիչ ծախսեր է առաջացնում Հայաստանում գործող ընկերությունների համար և նվազեցնում է նրանց մրցունակությունը: Գնումների գործընթացում մրցակցության և պետական օժանդակության թափանցիկության պակաս կա:
“Մասնավոր ընկերությունները կաշկանդված են շուկաներ մուտք գործելու և աճելու ունակության առումով: Նոր ընկերությունների՝ մուտքի տեմպի աճը դանդաղ է: Փոքր ընկերությունները դժվարությունների են հանդիպում մեծանալու առումով, ինչը վկայում է մուտքի զգալի խոչընդոտների առկայության մասին”, նշում են զեկույցի հեղինակները:
ՀԲ մասնագետները Հայաստանի կառավարությանն առաջարկում են աջակցել մասնավոր ընկերությունների մուտքին, աճին և ելքին՝ հետևյալ եղանակներով: Նախ պետք է շտկել ներդրումների միջավայրի մասով իրավակարգավորման և իրականացման դաշտում առկա բացերը և հզորացնել իրավակարգավորումների փաստական, խորհրդակցական և ինստիտուցիոնալ բազան: Պետք է ամրապնդել մրցակցային օրենսդրության արդյունավետությունը՝ կարգավորման ազդեցության գնահատման մեջ ներառելով: Պետք է ներդնել իրական հետաքննչական լիազորություններ, ճշգրտել տուգանքների մակարդակը, հաշվառել մեկ միասնական վերահսկողության ներքո գործող առանձին ընկերություններին, ապահովել մրցակցային չեզոքություն, հզորացնել շահերի բախման շրջանակը և հետամուտ լինել առանձին դեպքերի:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir