Vizyon

Mesut Barzani’nin engellediği hain plan nedir?

Kökteş Sözler İzinden Totemik Türk Dilinin Kökenleri: “Ata” Sözcüğü Örneği

Экспорт природного газа из Казахстана в Китай

Barzani Kaybetti Mi?

1000-ական դրամների մասին

Ermenistan 11 Kasım 2016
375

Ապրիլյան պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո ողջ հայությունը, այդ թվում՝ 30% աղքատություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, համատարած, մի բռունցք դարձած հանգանակություններ էին անում բանակի եւ մեր բոլորիս կյանքը պաշտպանելիս ընկած մեր հերոսների ընտանիքների ու վիրավոր հերոսների համար: Ինքնակամ ու կամավոր, սիրով եւ գուրգուրանքով: Երբ հասկացանք, որ 25 տարվա ընթացքում, չնայած իշխանությունների տարբեր առիթներով հնչող բարձրագոչ խոսքերին, բանակը, զինվորները կարիքի մեջ են, բնականաբար, բոլորիս աչքի առաջ հղփացած, ճարպակալած, օլիգարխացած սպայակազմը, բարձրագույն իշխանության մյուս ներկայացուցիչները, նրանց «ֆիրմա» տիկնայք եւ 14-15 տարեկանից սկսած մեքենաներ քշող զավակները հայտնվեցին: Անիծելով եւ փնթփնթալով՝ շարունակեցինք մեր պարտքը կատարել մեր զավակի՝ մեր բանակի առջեւ, հասկանալով, որ այդ օլիգարխներին, նրանց ընտանիքներն ու դղյակներն էլ ենք մենք պահում: Տարածաշրջանում եկամտահարկի ամենաբարձր սահմանաչափերից մեկն ունեցող երկրի իշխանություններն այսօր որոշել են, որ այդ եկամտահարկը վճարող աշխատողներից պետք է նաեւ ամսական 1000-ական դրամ պարտադիր գումար հավաքեն: Նպատակն, անշուշտ, շատ կարեւոր է. զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին արդարացի փոխհատուցում տալը: Այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Մեր բոլորիս կյանքը, մեր հայրենիքը, մեր երկիրը պաշտպանելիս ընկածների ու վիրավորվածների առջեւ բոլորս պարտավորություններ ունենք, կյանքով ենք պարտական նրանց: Սակայն: Ա՛յ, այստեղ է, որ առաջ են գալիս բազում հարցեր, դժգոհություններ եւ բողոքի նոտաներ: Մի երկրում, որտեղ զինվորի հագուստից, անձրեւանոցից, գրպանի լապտերից սկսած մյուս բոլոր մանր-մունր կարիքների համար ծնողը եւ նվիրատվություն անողներն են վճարում, մի երկրում, որտեղ «պաշտոնյա» գրեթե 90%-ով ինքնաբերաբար նշանակում է հարուստ եւ հղփացած, «բանակի գեներալիտետ» նշանակում է ֆեոդալ եւ օլիգարխ, մի երկրում, որտեղ աղքատությունը բնակչության մեկ երրորդի ապրելակերպն է, իսկ 41 հազար դրամ ամսական եկամուտ ունեցողն արդեն աղքատ չի համարվում, մարդկանց չի՛ կարելի պարտադրել որեւէ հանգանակություն: Չի կարելի ոչ միայն այն պատճառով, որ չկա՛ որեւէ օրինական հիմք՝ ինքն իրեն իրավական պետություն հռչակած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց օրինական սեփականությունից զրկելու համար՝ աշխատավարձից 1000-ական դրամ պարտադիր կերպով պահելու եղանակով: Չի կարելի ոչ միայն այն պատճառով, որ առանց այդ էլ բավականին բարձր հարկ վճարող աշխատողները ծայրահեղ անհավասար դաշտում են գտնվում հսկայական, ըստ վերլուծաբանների՝ 1/3-ի չափով ստվերում գտնվող տնտեսության պարագայում՝ այդ ստվերը յուրացնողների հետ համեմատ, եւ որեւէ լուրջ քայլ՝ ստվերից դուրս գալու, շարքային քաղաքացին չի տեսել եւ չի տեսնում տարիներ ի վեր: Չի կարելի ոչ միայն այն պատճառով, որ ոտնատակ է արվում սոցիալական արդարությունը՝ 55 հազար դրամ եւ մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացողից նույն 1000-ական դրամը պահանջելու դեպքում: Այդ ամենից բացի՝ չի կարելի դա անել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը առայժմ այն վիճակում է, որ պարբերաբար, կարելի է ասել՝ շատ հաճախ ստիպված է լինում պետության պարտավորությունների դաշտում գտնվող խնդիրների լուծման համար պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես դիմել քաղաքացիներին՝ հանգանակություն անելով խնդրանքով՝ սկսած վիրավոր զինվորների բուժման ծախսերի հարցը լուծելու, վերջացրած 28 տարի առաջ երկրաշարժի հետեւանքով անտուն մնացածների համար տուն հայթայթելու կամ ճանապարհներ կառուցելու նպատակով: Պարտադիր ամսական հանգանակություն սահմանելուց հետո որեւէ կամավոր հանգանակության դիմելու բարոյական իրավունք այլեւս չի մնա: Իսկ խնդիրները մեր երկրում շատ են: Եվ վերջում եւս մի նկատառում. «ազգ-բանակ» ձեւակերպումը շատ գեղեցիկ է, եւ բանակն էլ իսկապես մեր պետության եւ ազգի կարեւորագույն մասն է: Իսկ ո՞վ կարող է պնդել, որ ընդերքային հարստություն չունեցող, փոխարենը իր կադրային հարստությամբ հպարտացող երկրի համար կրթական համակարգը նույնքան կարեւոր չէ, կամ արդարության ճգնաժամի եւ սոցիալական խնդիրների պատճառով 1-1,5 մլն արտագաղթ գրանցած պետության համար արդարադատության համակարգը վերջապես կայացնելը եւ աղքատության ծավալները կրճատելը նույնպես առաջնահերթ խնդիր չէ: Գուցե այս նախաձեռնությունն անցկացնելուց հետո մտածեն ե՞ւս մի քանի հազար դրամ քաղաքացիներից գանձելու մասին՝ վերոնշյալ հարցերը լուծելու համար: Եվ ընդհանրապես, ի՞նչ կարիք կա, որ աշխատող մարդը աշխատավարձ ստանա, երբ պետությունը չի կարողանում իրականացնել իր պարտավորությունները՝ անկախ հավաքած հարկերի քանակից: Թող աշխատավարձերը գնան պետության խնդիրները լուծելու համար, իսկ հավաքած հարկերը՝ իշխանավորներին եւ նրանց ընտանիքները հարստացնելու վրա: Գաղափարի անունն էլ դնենք՝ «ազգ-պետություն-իշխանություն»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

1000-ական դրամների մասին

Yorumlar